ՆԿԱՐԻՉ ՀՄԱՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

                                                    
 ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Հմայակ Ավետիսի Ավետիսյանը ծնվել է 1912 թ. Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Մանդան գյուղում: Ավետիսյանի մանկությունը դառն ու ողբերգական է եղել, ինչպես ողջ հայ ժողովրդինը, որի հարազատ մասնիկն էր նա:
   1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, հայրը՝ Ավետիսը, զորակոչվում է թուրքական բանակ: 1915 թ. գարնանն արձակվում է հայերի ցեղասպանության հրեշավոր ծրագրի իրականացման հրամանը: Բանակում սկսում են զինաթափել հայ զինվորներին և մաս-մաս սպանել: Ավետիսին ընկերոջ հետ հաջողվում է փախչել: Նա վերադառնում է գյուղ, և ընտանիքը, թողնելով ողջ ունեցվածքը, բռնում է գաղթի ճանապարհը: Փարաքար հասնում են միայն մայրը կրտսեր որդու՝ Հմայակի հետ: Հայրն ու երկու որդիները համարվում են անհայտ կորած:
   Անօթևան, վշտահար մայրը որդուն հանձնում է որբանոց, որտեղից փոքրիկը մի քանի անգամ փախչում է մորը տեսնելու, նրա կարոտն առնելու համար: Բայց այդ երանելի պահերը երկար չեն տևում: 1918 թ. մահանում է այդպես էլ օթևան  չգտած, սովից և տառապանքից հյուծված մայրը: Մանկան հոգում մոր կորուստն անասելի ծանր և խորը հետք է թողնում: Հաճախ հուզմունքով դիմում էր ինձ. «Գիտես, Արա'քս, մայրս գեղեցիկ կին էր՝ միջահասակ, շեկ մազերով, կապուտաչյա, ճիշտ դիմագծերով, շատ բարի, նման էր մեր երկրին»: Հմայակը նույնպես միջահասակ էր, ուներ կապույտ, թախծոտ, խոհուն աչքեր, որոնող, զննող հայացք:
   Որբացած երեխան միայնակ հասնում է Էջմիածին, ուր վանքի պատերի մոտ հավաքված որբերի մեջ նրան ճանաչում է հարևանը՝ մանդանցի Հովհաննես Մարտիրոսի Պետրոսյանը: Նրա օգնությամբ Հմայակին հավաքագրված որբերի հետ տեղավորում են որբանոցում՝ սկզբում Երևանում, հետո տեղափոխում Լենինական՝ պոլիգոնի ամերիկյան որբանոց, որտեղ նա ապրում է մինչև 1927 թվականը:
    1927թ. ամռանը, հեռանալով պոլիգոնի  որբանոցից, Հմայակը դիմում է Լենինական քաղաքի գործկոմի նախագահ Սարգսյանին, որը, լսելով նկարչական ստուդիայում սովորելու նրա ցանկության մասին,  ասում է. «Վերցրու այս նամակը, կտաս կենտգործկոմի նախագահ Սաքո Համբարձումյանի կնոջը, նա քեզ կօգնի ընդունվել ստուդիա»: Ուշագրավ է, որ մանկության և պատանեկության այդ դաժան տարիներին անփորձ  որբ  պատանին կուլ  չի գնացել կյանքի փորձություններին, չի կորցրել իր ճշմարիտ ճանապարհը և  իր ժողովրդից ժառանգած տոկունությամբ գտել իր կյանքի ուղին: Դիտելով որբանոցում կատարած Հմայակի աշխատանքները՝ անձամբ Ս. Համբարձումյանը և նրա  կինը՝ Մարիա Ալեքսանդրովնան, ջերմ աջակցություն ցուցաբերեցին նրա մասնագիտական ուսման հարցում,  և  Հմայակը դարձավ Գեղարդ տեխնիկումի երրորդ կուրսի ուսանող:  
   Պատանին մեծ երջանկություն էր համարում թե' սովորելը, թե' ականավոր նկարիչներ Վրթանես Ախիկյանի և Ստեփան Աղաջանյանի նման ուսուցիչներ ունենալը: Հետագայում էլ  սիրով էր հիշում այդ մեծանուն արվեստագետներին, որոնց օգնությամբ էլ ձևավորվեցին նրա նկարչական ձիրքն ու գեղարվեստական ընդունակությունները: Տակավին երիտասարդ Հմայակ Ավետիսյանը, յուրացնելով ավագների փորձը, գտավ իր ինքնուրույն ճանապարհը, իր ոճը, իր գույներն ու երանգները: Հետագայում նա   մեծ երախտագիտությամբ էր  հիշում տեխնիկումում ուսանելու տարիները. «Մեր տեխնիկումի ուսուցիչները շատ տարբեր էին, ոչ մեկը մյուսին նման չէր: Տեխնիկումը մի համերաշխ ընտանիքի էր նման, ուսուցիչների վերաբերմունքն ազնիվ էր, անմիջական, մեզ իրենց հետ տանում էին էտյուդների,  հնարավորություն ունեինք տեսնելու, թե ինչպես են նրանք աշխատում, լինում էինք նրանց արվեստանոցներում, մասնակցում մտքերի փոխանակությանը»: Հաճելի հուշերի հետ մեկտեղ Հմայակը երբեք չէր մոռանում ունևոր ընտանիքներից այն աշակերտներին, որոնք արհամարհանքով էին վերաբերվում որբանոցի տղաներին, բայց ինչպես ինքն էր ասում. «Պատասխանում էինք՝ լավ նկարելով»: (Չմոռանանք, որ սովորելու տարիներին նրանք ապրում էին որբանոցում: Այդ վիրավորանքը չէր մոռացվում նաև Լենինգրադում սովորելիս:)
    Տեխնիկումում սովորելու տարիներին նա դրսևորել է մեծ աշխատասիրություն, ձգտել ամեն պահն օգտակար դարձնել իր համար: Ոչինչ չի վրիպել նրա հայացքից, բլոկնոտը միշտ ձեռքին՝ իսկույն ճեպանկարել է հետագա ուսումնասիրության համար:
    1929 թվականին, տեխնիկումն ավարտելուց հետո, նրան նշանակում են մի հեռավոր խուլ գյուղում աշխատելու որպես ուսուցիչ: Դա Ղուկասյանի (Աղբաբա) շրջանի Քոռաղբյուր գյուղն էր:
   Լենինականի պոլիգոնի այն միջնակարգ դպրոցում, ուր Հմայակի հետ միասին նույն դասարանում սովորում էինք ես, Կորյուն Սիմոնյանը, Շավարշ  Վաղարշակյանը և մյուսները, դասավանդում էին ականավոր մանկավարժներ՝ Վ. Միրաքյանը, Գ. Էդիլյանը, Կիրակոսյանը, Մ. Մուրադյանը, Մովսիսյանը,Տ. Հյուսյանը և ուրիշները: Նրանցից շատերը 20-30-ական թվականներին բանտարկվեցին և անհետ կորան: Իսկ այդ դպրոցին կից նկարչական ստուդիայում դասավանդել են նկարիչ-մանկավարժներ  Ս. Ալթունյանը, Գ. Բրուտյանը, Մ. Փանոսյանը, որոնց ազդեցությունը սաների վրա հսկայական էր: Ահա թե ինչու Հմայակը Քոռաղբյուր գյուղում իրեն դրսևորեց իբրև լավ մանկավարժ: «Երեխաներն ինձ շատ սիրեցին, - պատմում էր նա,- բացակայություն  չկար, նույնիսկ 40 աստիճան ցրտին աշակերտներս տեղում էին լինում, մյուս ուսուցիչները զարմանում էին: Երեխաները մեծ սիրով կատարում էին առաջադրանքները, դե ես էլ դասերը ձգտում էի հետաքրքիր դարձնել, աշխուժացնել, հաճախ մտցնում էի խաղային տարրեր, երեխաները ոգևորվում էին և  ավելի կապվում ինձ: Ուսումնական տարվա վերջում,- շարունակում է Ավետիսյանը, - Լենինական քաղաքի ժողկրթբաժնից հանձնաժողով է գալիս՝ դպրոցի աշխատանքները ստուգելու: Զարմանում են և հարցնում, թե ինչ մեթոդներով եմ ուսուցանել, որ երեխաներն այդքան գիտելիք ունեն, գեղեցիկ գրում, նկարում, վարժ կարդում ու հաշվում են: Ինձ կանչում են Լենինական՝ ուսուցչական կոնֆերանսի՝ հաղորդելու իմ փորձը: Այդ ամենը  անակնկալ էր և ինձ շփոթեցնում էր»:
    1931-32թթ. Ավետիսյանը դասավանդել է Լենինականի նկարչական ստուդիայում և քաղաքի տարբեր դպրոցներում: Նա եղել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը: Պատահական չէ, որ, գնահատելով նրա գործունեությունը, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունը մատաղ սերնդի դաստիարակման գործում երկարամյա ամբասիր աշխատանքի համար և հատկապես Լենինականի Ս.Դ.Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հիմնադրման 50-ամյակի առթիվ 1971թ. հոկտեմբերի19-ին Հմայակ Ավետիսի Ավետիսյանին պարգևատրեց  պատվոգրով: Լենինականի ներկայիս շատ նկարիչներ ուսանել են Ավետիսյանի մոտ և միշտ երախտագիտությամբ են հիշում այդ տարիները: Նրանցից կարելի է հիշատակել  Սուրեն Ստեփանյանին, որն իր ձևավորած գիրքը ջերմ ընծայագրով նվիրել է նախկին ուսուցչին:
   1931թ. Ավետիսյանն առաջին անգամ մասնակցում է «Սովետական Հայաստանը 11 տարում» խորագիրը կրող ցուցահանդեսին: Այնուհետև մինչև իր կյանքի վերջը նա մասնակցել է  հանրապետական, համամիութենական և խորհրդային այլ  հանրապետություններում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին [1]:
  1932 թ. իրականանում է նրա երազանքը. նա ընդունվում է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Ա. Օստրոումովա-Լեբեդևան, Վ. Բելկինը, Ե. Լանսերեն:  Սովորելու տարիներին  նա ձգտում է տիրապետել ռուսաց լեզվին, որպեսզի հեշտացնի իրեն անհրաժեշտ գրականության ուսումնասիրությունը, լիարժեքորեն հասկանա պրոֆեսորների դասախոսությունները և ընդարձակի շփման շրջանակը:
    Նա իր օրերն անցկացնում էր Էրմիտաժում, մյուս թանգարաններում, անհագությամբ ուսումնասիրում քաղաքի ճարտարապետությունը, մարդկանց, նրանց ավանդույթները, սովորույթները:
   Ակադեմիայում սովորելու տարիներին նա շատ անհանգիստ էր, շարունակ որոնումների մեջ, ձգտում  էր արտահայտել այն ամենը, ինչը կուտակվել էր իր հոգում, պարզել իր համար  կարևորը, հարազատը՝ զատվելով օտարից, խորանալ արվեստի անհունության մեջ: Հմայակի դասախոսները մեծ հարգանքով են վերաբերվել նրան, գնահատել նրա շնորհքը, սովորելու ձգտումը:
  1937թ. մեծ խանդավառությամբ և արարելու, աշխատելու ձգտումով վերադառնում է Երևան, ամուսնանում, ստեղծում իր ընտանիքը, միաժամանակ դասավանդում է կերպարվեստի ուսումնարանում ու զբաղվում ստեղծագործական աշխատանքով:
  Ընտանիքում նվիրված հայր էր, սիրում էր երեխաներին, ազատ ժամերը տրամադրում էր նրանց, ընթերցում հայկական հեքիաթներ, զբոսնում նրանց հետ, ճանապարհորդում: Հետագայում, երբ ավելի հասուն էին, պատմում էր դրվագներ մեր ժողովրդի պատմությունից՝ ամեն կերպ  ձգտելով նրանց մեջ դաստիարակել հայրենասիրություն, մարդկային լավագույն հատկություններ: Նա ընտանիքը սրբություն էր համարում, միշտ ասում էր. «Որքան ընտանիքն ամուր ու գեղեցիկ լինի, այնքան մեր երկիրն էլ ամուր ու հաստատուն կլինի»: Երբ  ծնվեցին թոռնիկները՝ Անուշիկն ու Նվարդը, նա նոր ուժով, մեծ սիրով ու հոգատարությամբ կապվեց նրանց հետ:
   1939թ. Հ. Ավետիսյանը դարձավ Հայաստանի նկարիչների միության անդամ: Այդ նույն թվին Մոսկվայում մասնակցեց հայ գրականության և արվեստի տասնօրյակին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսին, որտեղ ցուցադրեց իր «Կաշվե նախկին գործարանը», «Քանաքեռի երկաթգիծը», «Էտյուդ», «Թթենու ծառ» յուղաներկ աշխատանքները և երեք գծանկար:
1940թ. Երևանում առանձնապես նշանակալից էր Խորհրդային  Հայաստանի 20-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որին Ավետիսյանը մասնակցեց մի շարք գործերով: Դրանցից հատկապես աչքի ընկան «Առատ կոլտնտեսությունը»,«Թթի ծառը» (երկուսն էլ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում): Ցուցադրված էին նաև բնանկարներ՝ «Զանգու գետը», «Արարատ», «Ճանապարհ դեպի Սևան» և «Ինքնադիմանկար» գծանկարը:
  1940 թ.  կազմակերպվեցին ևս մի քանի ցուցահանդեսներ՝ գրաֆիկական սեկցիայի, շրջիկ արվեստանոցի ցուցահանդես, էտյուդների ցուցահանդես և այլն: 1941թ. նկարչի տանը կազմակերպվեց նկարիչներ Հ. Ավետիսյանի, Բ. Քոլոզյանի և Ե. Սավայանի ստեղծագործական հաշվետու երեկոն: Սակայն երկար չտևեց այդ խաղաղ, ստեղծագործական կյանքը: Սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը, որին Հմայակը մասնակցեց   առաջին իսկ օրվանից: 1941թ. հունիսի 22-ին նա զորակոչվեց Սովետական բանակ և վերադարձավ 1945 թ.՝ խաթարված առողջությամբ:
  1945 թ. սկսեց գործել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Հիմնադրման առաջին օրից մինչև իր կյանքի վերջը Հմայակ Ավետիսյանը դասավանդեց այդ ինստիտուտում: 
  Հմայակը շատ էր սիրում լինել մարդկանց մեջ: Նշանակություն չուներ դա արվեստագետ է, ուսանող, բանվոր թե գյուղացի: Սիրում էր շփվել մարդկանց հետ, հարց ու փորձ անել հատկապես Երկրից դեռ կենդանի մնացած մեծահասակներին, լսել նրանց,  քաղել տպավորություններ: Նա անվերջ կարող էր լսել համագյուղացի տարեցների մե'րթ տառապալից, մե'րթ կարոտալի հիշողությունները, որոնք խոր կնիք թողնելով նրա հոգում, միաժամանակ արթնացնում էին հիշողություններ ու արյան կանչ,  մարմնավորվում իրական գույներով:  Նա  հպարտանում էր իր Երկրով և անսահման սիրով ու անհատնում կարոտով էր ընկալում այն ամենը, ինչ լսում էր տարիքով մեծ իր  հայրենակիցներից:
  Հմայակն իր անմիջականությամբ, իր պարզ, սրտաբաց խոսքով, ջերմ վերաբերմունքով առաջին իսկ ծանոթությունից կարողանում էր գրավել խոսակցին, հաղորդակցման անկաշկանդ ու հաճելի մթնոլորտ ստեղծել: Առանձին հետաքրքրությամբ սիրում էր լսել Մնացական քեռուն ՝ Մնոյին (տատի եղբորը), որը   երիտասարդ հասակում երկար  տարիներ ծառայել էր Անդրանիկի գնդում: Ես և երեխաները նույնպես օգտվում էինք այդ բացառիկ պահերից:
   Հմայակ Ավետիսյանն ընկերների լայն շրջապատ ուներ՝ նկարիչներ,երաժիշտներ, ճարտարապետներ, գիտնականներ, հասարակ մարդիկ՝ շինարարներ, գյուղացիներ և այլն: Մինչ պատերազմը գերակշռում էին մանկատան ընկերները, որոնք միմյանց հետ սերտորեն կապված էին, միասին էին կիսել որբի ծանր ճակատագիրը, միասին սովորել տեխնիկումում և ակադեմիայում: Նրանք բոլորն էլ ընդունակ և խոստումնալից նկարիչներ էին՝ Վանիկ Կարապետյանը,Կորյուն Սիմոնյանը, Սարգիս Ալեքսանյանը, Լևոն Տոնականյանը, Անդրանիկ Մարկոսյանը, Շավարշ Վաղարշակյանը: Ակադեմիան  ավարտելուց հետո նրանք էլ էին դասավանդում, ստեղծագործում, տուն  էին դնում, բայց սկսվեց  պատերազմը... Վերադարձան Հմայակը և Շավարշը: Հետագայում զոհված ընկերների նկատմամբ իր սրտի կսկիծն ու ցավը նա արտահայտեց «Չվերադարձան» կտավում:
  Մանկատան ընկերներից բացի կապված էր այդ տարիներին  աչքի ընկնող նկարիչների՝ Կ. Տիրատուրյանի, Ե. Սավայանի,Ց. Ազիզյանի, Մ. Տիրատուրյանի, Ա. Շաքարյանի, Ս. Գալստյանի հետ: 50-ական թվականներին  նրա մոտ ընկերներն էին Մկրտիչ Քամալյանը, Կարո Մեծատուրյանը, Էդվարդ Իսաբեկյանը, 60-ականներին սերտորեն շփվում էր  իր նախկին ուսանողներ՝  Վ. Խաչիկյանի,  Շ. Հերթևցյանի, Ա. Պապյանի, Ս. Ազիզյանի, Հ. Հովսեփյանի,Վ. Շարամբեյանի, Գ. Մնացականյանի և այլոց հետ: Իսկ աշխատանքից հետո հաճախ իր ավագ ընկերոջ՝ անվանի քանդակագործ Ե. Քոչարի հետ զբոսնում էր Մոսկովյան փողոցի լճի շրջակայքում: Մոտակա պուրակներից  մեկի մոտ էր գտնվում վարպետի արվեստանոցը: Նրանք երկար զրուցում էին և խաղաղությամբ բաժանվում: 

   Ավետիսյանի ամբողջ ստեղծագործությունը՝ թեմատիկ կտավները, դիմանկարները, բնանկարները, իր կյանքի պատմությունն է: Ճիշտ է, հետզհետե պատմության գիրկն էին անցնում այն ահեղ օրերի հետ կապված իրողությունների մանրամասները, սակայն ժամանակն անզոր է մարդկանց հիշողությունից դուրս մղել, մոռացության տալ ճակատագրական իրադարձությունները:
   Հ. Ավետիսյանը պատկանում է սովետահայ նկարիչների այն սերնդին, որն ասպարեզ  եկավ հիմնականում հետպատերազմյան տարիներին:  Դիտելով Ավետիսյանի  ստեղծագործությունները և հետևելով նրա ստեղծագործական ուղուն, չենք կարող չմտաբերել Նորայր Ադալյանի  բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարուն տված բնութագրությունը, որը շատ հատկանշական է նաև  Ավետիսյանի համար:  Հոդվածում Ադալյանը[2]գրում է. «...նա այն ստեղծագործողներից է, որոնք սևեռուն նայում են իրենց ներսը՝ իրենց կենսագրությանն ու ճակատագրին... իրենց զգացմունքներն ու անձնական դրաման դարձնում արտացոլման նյութ: Եվ գեղարվեստի իսկական հրաշք է, տաղանդի դրսևորում, որ անձնականը վերածվում է ժողովրդի և մի ամբողջ ժամանակաշրջանի պատմության»:
   Հմայակին ի սկզբանե պարզ էր, թե ով է ինքը, ովքեր են եղել իր նախնիները և որն է իր գոյության խորհուրդն այս աշխարհում: Նա սերտորեն կապված էր իր ժողովրդի հետ, ահա թե ինչու ճշմարտացիորեն մարմնավորեց գյուղն ու գյուղացուն: Նրա կտավների մեծամասնությունը վրձնված է  տեղում՝ հավատարիմ հարազատ միջավայրին: Զարմանալի է, որ հայ ականավոր մի նկարիչ արհամարհանքով ասել է, թե «այս Համոն գյուղացի նկարելով  ինչի է ուզում հասնել»: Ավետիսյանն իր կտավներում  հիանալի ցույց է տվել գյուղի սերունդների կապը, ընդգծելով արտահայտիչն ու բնորոշը, ծերությունն ու երիտասարդությունը («Կոլտնտեսության պահակը»,  «Գերազանցիկ Ռուբենը» և ուրիշներ): Միմյանց փոխլրացնող   կտավների այս ամբողջությունը ցույց է տալիս կյանքի և ազգի հարատևությունը: Նրա հերոսներն արտահայտում են խորապես ժողովրդական ապրումներ, իղձեր, երազանքներ, ազգային և համամարդկային իդեալներ:    Կյանքում հանդիպած թշվառություններն ու անարդարությունները նա դիտել է հայի  աչքերով, վերապրել սրտի ցավով  ու դրանց դեմ բողոքի ձայն բարձրացրել: Հմայակի հերոսները կամային և ուժեղ մարդիկ են. «Ազատարարները» նկարում՝ հայ զինվորը, մյուս կտավներում՝ Անդրանիկը, Գայը, Ս. Թեհլերյանը, Ա. Երկանյանը, Մուսալեռցի տատը, Ալ. Մյասնիկյանը,Ա. Խանջյանը, Ն. Սաֆարյանը... Դիպուկ էր նկարիչ Գևորգ Մնացականյանի խոսքն Ավետիսյանի թաղման ժամանակ. «Տո'ւր սավանը, որով պետք է ծածկենք մեր ֆիդայինի մարմինը: Նա կարողացավ ամեն բան հոգու մեջ կրել՝ թշվառություն, անիրավություն, 30-ականների ծանր տարիներ...և իր  ձայնը բարձրացնել հանուն արդարության»:
   «Ազատարարները» կտավում նա ցանկանում էր մարմնավորել Սարդարապատի հերոսներին, սակայն ընկերները խորհուրդ չտվեցին: Հմայակը փոխեց կոմպոզիցիան և կտավի կենտրոնում տեղադրեց հայ հրամանատարին, որն ազատություն էր բերում իր որբ հայրենիքին:  Այդ կտավը խիստ քննադատվեց կենտկոմի ղեկավարների կողմից (Ռ. Խաչատրյան և ուրիշներ), որոնք պնդում էին,որ կենտրոնական դերում պետք է լինի ռուս զինվորը: Կտավի հաստատումը շատ ձգձգվեց, բայց Հմայակը մինչև վերջ իր դիրքերը չզիջեց:
Հ. Ավետիսյանի ստեղծագործական կյանքում զգալի տեղ են գրավում Լենինի կերպարին նվիրված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները («Վ. Լենինը և Մ.Գորկին Կապրի կղզում», «Ուսուցչի հետ» /Վ. Լենին և Ալ. Մյասնիկյան/, «Բոգդան Կնունյանցի ելույթը ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում» և այլ գործեր): Երկարամյա աշխատանքի ընթացքում կերպարի էության մեջ խորացող նկարիչը հանդես բերեց կերպարի արտացոլման տարբեր մոտեցումներ: Ի վերջո, այդ որոնումներն ավարտվեցին վճռական շրջադարձով. 1963թ. Հմայակն ստեղծեց Լենինի կերպարը, որը մտահղացել էր իբրև «Լենինը՝  հայ ժողովրդի դահիճ»: Դրան նախորդել էին Լենինի հայերի նկատմամբ ունեցած քաղաքականության մասին նորագույն նյութերի ուսումնասիրությունները, հանդիպումները հայտնի պատմաբանների հետ:
     Ես խոր ապրումների մեջ էի, շատ էի վախենում, համոզում էի նրան զգույշ լինել, չհավատալ իրեն շրջապատող մարդկանց, որոնց մեջ կարող են լինել մատնիչներ և հայտնել ուր որ պետք է:
   Թեպետ  կտավը վերանվանվեց «Նախօրեին»,  միևնույն է նոր անվանումը չօգնեց: Կենտկոմի հանձնաժողովը դիտելուց և երկար քննարկելուց հետո մերժեց ընդունել այն: (Ի դեպ, երբ տարիներ անց այդ թեման հրատապ էր, այսուհանդերձ՝ ընդունեցին):  Այս ամենը վկայում է իսկական արվեստագետի պատասխանատվության բարձր զգացման մասին՝ թե' թեմայի մեկնաբանման հարցում, թե', մանավանդ, ժողովրդի առաջ:
    1960-ականների կեսերին, Մեծ եղեռնի 50-ամյակին ընդառաջ,  Հմայակն աշխատում էր իր «Երախտապարտ ենք» մեծադիր կտավի վրա: Նկարի կենտրոնում ողջ հասակով հառնում է մեծն Կոմիտասը, որպես մեր հոգևոր մշակույթի մարմնավորում: Կոմիտասին ուս-ուսի տված՝ կանգնած են Սողոմոն Թեհլերյանը և Արամ Երկանյանը (այդ անուններն առաջին անգամ լսելի դարձան այս կտավի շնորհիվ): Աշխատելու ընթացքում Հմայակի արվեստանոցում հաճախ էր լինում Պարույր Սևակը: Նա մեծ ուշադրությամբ դիտում էր, մի գավաթ սուրճ էր խմում, ծխում և, անսպասելի բարձրանալով տեղից, առանց որևէ բան ասելու, իր մտքերի մեջ ընկած, անձայն հեռանում: Կտավի ավարտին նա նորից մեզ մոտ էր, երկար դիտելուց հետո ասաց. «Համո ջա'ն,եթե էլ ոչինչ չստեղծես, սա բավական է, ամեն ինչ ասացիր»: Սակայն կտավը ժամանակին չընդունվեց նախկին ղեկավարների կողմից և չցուցադրվեց, պատճառաբանությամբ, որ «մենք թուրքերի հետ լավ հարաբերությունների մեջ ենք»: Նույն վերաբերմունքի արժանացավ «Ազատության զինվորները»նկարը, ուր պատկերված էին Անդրանիկն ու Գայը:
   Հմայակը շատ էր մտածում  Պարույր Սևակի դիմանկարը ստեղծելու մասին, սակայն չհասցրեց իրագործել այդ մտահղացումը: Չնայաց դրան տարիների ընթացքում միշտ կենդանի ու կենսունակ մնացին նրա հետ շփվելու րոպեները:
Բոլոր ժամանակներում դժվար է եղել ճշմարտության ու բարու այն պատգամախոսների  ճակատագիրը, որոնք հավատարիմ իրենց կոչմանը՝ երբեք գլուխ չեն խոնարհել արտոնյալների առաջ: Ավետիսյանը բարձր արժանապատվությամբ, հաղթահարելով շատ տառապանքներ ու զրկանքներ, ապրեց  հպարտ ու սկզբունքային և իր ստեղծագործական գործունեությունը շարունակեց նոր թափով, համոզված, որ մարդու մեծագույն դատավորը՝ ժամանակն է, որն ամեն ինչ կդնի իր արժանի տեղը:
   Դժբախտաբար նրան չվիճակվեց տեսնել մեր ժողովրդի պայքարի ղարաբաղյան շրջանը, անկասկած նա կլիներ այդ հերոսամարտին անդրադարձող առաջամարտիկներից մեկը: Իր ստեղծագործության մեջ և կյանքում  նա  քարոզեց գաղափարներ, որոնց համար այսօր ենք պայքարում և իրականացնում: Նա երազում էր ազատ ու անկախ Հայաստանի մասին, նրա  արշալույսի մասին: Հենց այդպես էլ՝ «Արշալույս», նա անվանել էր 1972 թ. ստեղծած  իր մեծադիր կտավներից մեկը: Հ. Ավետիսյանի նկարները վկայում են նրա անհանգիստ հոգու, իր ժողովրդին ազնվորեն ու անմնացորդ ծառայելու վճռականության մասին: Անգամ իր բնանկարների միջոցով, իսկ նկարիչը կերպարվեստի շրջիկ արվեստանոցի հետ
և ինքնուրույն շարունակ շրջել է հանրապետության ողջ տարածքով, նա ասես պահանջում էր պահպանել մեր հողը, պայքարել հայրենի աշխարհը շենացնելու, վերքերը բուժելու և գեղեցկացնելու համար: Առանձնապես ցայտուն են «Ձմեռ»,  «Սևանի բողոքը»՝ ողբերգական անցքերը խորհրդանշող չորացած ծառերն ու ցամաքած Սևանը պատկերող կտավները, նրա ծննդավայրը ներկայացնող նկարը: «Վանի Մանդան գյուղը – ասում էր նա,- արմատներիս կանչն է, հորս, մորս, իմ պապերի ու իմ ծննդավայրի կանչը»:
Իր ողջ կյանքում Հմայակը ձգտում էր դեպի հայրենի բնությունը և  միայն նրա գրկում  էր ազատ շնչում ու  ստեղծագործում: Նրա համոզմամբ մարդկային կյանքն ամբողջական ու լիարժեք է լինում միայն բնության հետ մշտապես հաղորդակցվելիս:
   Հ. Ավետիսյանի կտավներում խտացել է հայրենի բնաշխարհն իր բոլոր գույներով, ամեն մի նկար մի կտոր հայրենի եզերք է հայկական լեռներով ու դաշտերով, հինավուրց վանքերով ու բերդերով: Միայն հայրենի բնաշխարհին ձուլված,  հայոց հողին սիրահարված, նրանից ջերմություն ստացող ու հայրենիքի համար ստեղծագործող նկարիչն ունի բնության կենդանի զգացողություն: Այս փաստը չէր վրիպել Մինաս Ավետիսյանի աչքից: Մի օր,  երբ նա գործով այցելել էր Հմայակին, մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ դիտելով Հմայակի նկարները, զարմացած բացականչեց. «Այ, ընկե'ր Ավետիսյան,ինչո՞ւ երբեք չեք ցուցադրել այս հիանալի բնանկարները, շատ լավն են»: «Քեզ լավ հայտնի է, - պատասխանեց Հմայակը, - որ կազմակերպվող ցուցահանդեսներում աշխատանքների ցուցադրումը միշտ էլ սահմանափակ է, պետք է նախապատրաստվել և բացել անհատական ցուցահանդես, այդ դեպքում այս ամենը կցուցադրվի»:
    Իր հայրենի լեռնաշխարհը, նրա սքանչելի ջուրն ու կենսատու արևը, միանալով նրա թախիծին ու կարոտին, իրական գույների վերածված նրա վրձնի տակից շնչում էին կյանքով, ճշմարտացիությամբ: Պատահական չէ, որ նա ստեղծեց հենց այդ բնաշխարհի մարդկանց կերպարները, առանձնապես տաճկահայերի դիմանկարները՝ Վ. Փափազյանի, Խ. Դաշտենցի, Վ. Աճեմյանի,Ս. Տարոնացու և այլոց: Հայրենասեր մարդկանց պատկերներում ընդգծված հայեցիությունը, ազգային ոգու արտացոլումը դարձան գեղանկարչի արվեստի բաբախուն զարկերակներից մեկը:
Դիմանկարը նշանակալի տեղ է գրավում Ավետիսյանի արվեստում և ի հայտ է բերում  մարդու  հոգու, ներաշխարհի մեջ թափանցելու, կերպարի առանձնահատկությունների բացահայտման ու ընդհանրացման նրա մեծ կարողությունը: Այդ բազմաբնույթ գործերից հիշենք Մ. Մաշտոցի, մուսալեռցի տատու, քրդի, Լենինականի դեպոյի բանվորների դիմանկարները, կանացի կերպարները՝ Անահիտի, Բեատրիչեի, կոլտնտեսուհու և այլ գործերը, Արմենուհու, Անուշի և այլ  երեխաների դիմանկարները, գրաֆիկական աշխատանքներից՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Ա. Խորավայի, Ցոլակ Ամերիկյանի, Արման Կոտիկյանի, նկարիչ Գևորգ Մնացականյանի և մյուսների դիմանկարները: Դրանցից յուրաքանչյուրը թեև ունի իր բովանդակությունը, փիլիսոփայությունը, բայց դիտողին համակում է լավատեսությամբ ու բարությամբ, օգնում նրան և' ապրելու, և' սիրելու, և' աշխատելու:
Հմայակը չափազանց զգայուն, զուսպ, միշտ բարի, մտածկոտ արվեստագետ էր: Նա երբեք չէր մտածում իր անձնական բարօրության մասին, հրաժարվում էր պաշտոններից, հեռու էր բամբասանքից, նախանձից: Նա ասում էր. «Նկարիչը պետք է ապրի, ստեղծի և ոչ թե փառքի, պաշտոնի հետևից ընկնի»: Համեստ էր, որոշ դեպքերում՝ միամիտ, դյուրահավատ, սակայն երբեք չէր դավաճանում իր սկզբունքներին և չէր զիջում իր դիրքերը՝ հաճախ էր կրկնում. «Իսկական արվեստի արդյունքը միշտ էլ բարոյական է»:
   Ավետիսյանի մոտ ներդաշնակորեն զուգակցվում էին համարձակությունը, վարպետությունը և լավատեսությունը: Նա հաճախ դիմում էր բարդ մտահղացումների իրագործմանը, երբ մտերիմներն ասում էին, թե  դա դժվար կլինի, նա խոր համոզվածությամբ պատասխանում էր. «Համոն կանի»: Ի դեպ, այս խոսքերը նրա ընկերները, հատկապես ուսանող-ընկերները՝ Վ. Խաչիկյանը, Մ. Քամալյանը, Ա. Պապյանը և մյուսները  անհրաժեշտ պահին օգտագործում  էին իբրև թևավոր ասույթ: Անկասկած, նման համոզվածությունն անհիմն չէր: Հմայակն ուներ խորը և բազմազան գիտելիքներ՝ պատմությունից, փիլիսոփայությունից, գրականությունից, անչափ սիրում էր երաժշտությունը, ուներ մասնագիտական բարձր կուլտուրա, վարպետություն, մեծ աշխատասիրություն և, ամենակարևորը՝ պահանջկոտ էր գործի նկատմամբ: Հաճախ ասում էր. «Անընդհատ  աշխատում ես, մտածում, քննադատում ինքդ քեզ, չես քնում, երբեմն էլ գիշերն աշխատում, աշխատանքդ հավանում, հաստատում են, սակայն բերում ես արվեստանոց՝ այն քեզ չի բավարարում: Այստեղ կարևոր է, որ նկարիչն ուժեղ բնավորություն ու կամք ունենա և անի այնպես, ինչպիսին իր էությունն է,  ներքին զգացողությունը, որը հարազատ ժողովրդից մեզ անցած արյան ձայնն է»:
   ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Վարդան Աճեմյանը 1974թ. բնութագրում նշում է. «Նկարիչ Ավետիսյան Հմայակ Ավետիսովիչը լայնորեն ճանաչված արվեստագետ է... Հյութեղ ու ճշգրիտ է նրա վրձինը, ունի սեփական ձեռագիր, ճանաչված է իբրև վիրտուոզ գծագրող ու գույների համարձակ համադրությունների վարպետ:Ավետիսյանի ստեղծագործությունները ճանաչվում են լայն վրձնահարվածներով ու կրքոտությամբ: Նրա ծավալուն  կոմպոզիցիաները, դիմանկարներն աչքի են ընկնում մանրամասն մշակվածությամբ և հուզական արտահայտչականությամբ: Ավետիսյանն իր արվեստով սերտորեն կապված է մեր ժամանակի հետ՝ այդ են վկայում նրա կերտած գործերը, նրա արտահայտչական միջոցների թարմությունը:
    Ստեղծագործական այս բեղմնավոր գործունեության հետ զուգընթաց, Ավետիսյանը լրջորեն զբաղվում է մանկավարժությամբ: Նրա բազմաթիվ ուսանողները վաղուց ճանաչված, կոչումների արժանացած արվեստագետներ են այսօր: Ավելին, նա իր խորհուրդներով, տեսական հարցերին նվիրված գիտական աշխատություններով օգնում է նաև դասախոսներին՝ իր կոլեգաներին
»:
    Իր երիտասարդ սաներին Հմայակ Ավետիսյանը գրավում էր  դասավանդման ուրույն մեթոդիկայով, նյութը մատուցելու  վարպետությամբ, հետաքրքրաշարժությամբ: Հմուտ, նրբանկատ, ուսանողների հետաքրքրություններին քաջածանոթ, նրանց մոտ ու հարազատ, նկարիչ-մանկավարժը տիրապետում էր նախ ուսանողին գրավելու, ապա՝ նպատակաուղղելու հմտությամբ:  Այս բանին հասնում էր նաև իր անձնական եռանդուն օրինակով, մարդամոտությամբ: Ուսանողի համար դասի ժամանակ նա արվեստագետ էր, դասախոս, մանկավարժ, դասից դուրս՝ ընկեր, խորհրդատու, ծնող:
    Նրա նախկին ուսանողները՝ անվանի արվեստագետներ, պրոֆեսորներ և դոցենտներ, պատկառանքով ու երախտագիտությամբ էին դիմում նրան, մեծարում՝ կոչելով վարպետ, մաեստրո: Նրա արվեստանոցի դռները բաց էին ոչ միայն արվեստագետ ընկերների, այլև երիտասարդ սաների առջև: Այստեղ հաճախ բանավիճում էին արվեստի հարցերի շուրջը, և Հմայակի մե'րթ հանդարտ, մե'րթ հուզված խոսքում հնչում էին նրա պատգամները սերնդին: Հաճախ զրույցը շարունակվում էր նրանց հանդիպման մեկ այլ վայրում, որը կատակով անվանում էին կաֆե«Հմայակ» (Մոսկովյան փողոցի լճի ափին): Ավետիսյան-մանկավարժին բնորոշ էր նաև պահանջկոտությունը: Գտնելով, որ միայն ընդունակություններով արվեստի նվիրյալը հեռու չի գնա, նա ուսանողներից պահանջում էր ամենօրյա աշխատանք...
Իր ամբողջ կյանքում Հմայակը, առանց  անվանի հովանավորների հաղթահարելով դժվարությունները, միայնակ հարթել է իր ուղին: Ապրելով գաղափարախոսական ճնշման ժամանակներում, երբ ստեղծագործական միտքը խեղդվում կամ խեղաթյուրվում էր, իսկ որոշ ստեղծագործողներ չեզոքացվում էին, Ավետիսյանը չկորցրեց հոգու կորովը: Մինչև իր կյանքի վերջը որոշ անձինք ամեն ինչում խանգարում և հալածում էին նրան: Բանը նրան էր հասել, որ Ավետիսյանին ազատեցին ինստիտուտում աշխատանքից: Միմիայն ազնիվ ուսանողների վճռական պահանջով նա վերականգնվեց իր պաշտոնում: Պատահական չէ, որ թաղման ժամանակ նկարիչներից մեկն իր խոսքում շեշտեց, որ Ավետիսյանի նկատմամբ ցուցաբերվեց անարդար վերաբերմունք և նա չգնահատվեց ըստ առժանվույն: Ու թեպետ նա ժամանակին չստացավ ժողովրդական նկարչի կոչում, նրա թողած կտավներից շատերը գտան  հայ մարդու սիրտ տանող ճանապարհը:
    Դրա վառ ապացույցն է Ավետիսյանի ստեղծագործությունների հետմահու ցուցահանդեսը, որը կազմակերպվեց Նկարչի տանը 1985 թ. նրա դուստրեր՝ Անահիտ և Արմենուհի Ավետիսյանների ջանքերով: Ցուցահանդեսի կատալոգը կազմել էր Անահիտ Ավետիսյանը, իսկ ներածական խոսքը գրել էր շնորհալի արվեստաբան Կոնստանտին Կուրղինյանը[3]:
Մոտ մեկ ամիս տևած այդ ցուցահանդեսը բազմամարդ էր մինչև վերջին պահը: Այն լայն արձագանք գտավ մամուլում, լույս տեսան ընդարձակ հոդվածներ, վերատպություններ, հեռարձակվեցին հաղորդումներ հեռուստատեսությամբ և ռադիոյով: Ցուցահանդեսի մեծ հաջողության մասին վկայում են նաև տպավորությունների գրքում [4] թողած հիանալի գրառումները, որոնցից կարելի էր մի ամբողջ գիրք կազմել:
   Թերթելով էջերը՝ տեսնում ենք, որ այցելուները ոչ միայն անվանի արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, գրողներ, դասախոսներ, մանկավարժներ  էին, այլև ամեն տարիքի (դպրոցականից մինչև թոշակառու) և զբաղմունքի (շինարար, ինժեներ, սովխոզի դիրեկտոր և այլն) տեր մարդիկ: Գալիս էին կոլեկտիվներով, ընտանիքներով, համալսարանի և այլ բուհերի ուսանողները  մեծաթիվ խմբերով (նույնիսկ 100 հոգանոց): Շատերը չէին բավարարվում մեկ այցելությամբ («Չորրորդ անգամն եմ գալիս», - գրել էր Ռուբեն Զարյանը) (28): Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նկարչի նախկին ուսանողների բազմաթիվ սրտառուչ գրառումները. «Հոգով և սրտով մանկավարժ էր, ոչ թե պաշտոնով: Նրան միայն կարելի է համարել որպես սիրելի ուսուցիչ: Անչափ հոգատար էր, օբյեկտիվ և մարդամոտ: Ուներ տակտի զգացում և արվեստագետի լայն էրուդիցիա: Համեստ էր ու բարի, ուներ հումորի նուրբ զգացում, դասի ժամանակ ստեղծում էր ջերմ ու հետաքրքիր մթնոլորտ»: Երախտապարտ լինելով «բախտին, որ սովորել են Հայաստանի լավագույն մարդկանցից մեկի՝ նկարիչ Հմայակ Ավետիսյանի մոտ» (32), խորապես վշտացած իրենց ուսուցչի կորուստով՝ նրանք անկեղծ հուզմունքով գրել են.  «Սիրելի վարպետ... Քանի մենք կանք, քանի ապրում ենք՝ ձեր խորհուրդները, ցուցումները միշտ կհիշենք: Դուք միշտ մեր սրտում եք՝ զբաղեցնելով մի ջերմ անկյուն»(12):
Ցուցահանդեսում ներկայացված էր 200-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք:  Նկարչի տան աշխատակից, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Տատյանա Լվովնա Մախմուրովան    էքսպոզիցիան կառուցել էր այնպիսի ըմբռնումով և բանիմացությամբ, որ յուրաքանչյուր ստեղծագործություն, կոմպոզիցիոն մեծադիր գործերի հետ մեկտեղ բազմաթիվ դիմանկարներ և բնանկարներ, կարծես գտել էր իր միակ և ճիշտ տեղը: Ի մի բերված գործերը ներկայացնում էին Ավետիսյանի ստեծագործությունն իր ողջ ժանրային և թեմատիկ բազմազանությամբ: Այցելուներից շատերը հատուկ շնորհակալություն էին հայտնում նկարիչների միությանը և «большое спасибо всем, кто организовал выставку Амаяка Аветисяна. Только сейчас стало понятно какой большой мастер, патриот проживал рядом с нами!»(54) [U1] 
«Հազվագյուտ ու տպավորիչ ցուցահանդես»(38)՝ այսպիսի գնահատական են տալիս այցելուներից շատերը և, մասնավորապես, Վլադիմիր Այվազյանը. «...Персональная выставка заслуженного деятеля искусств Армении, профессора Амаяка Аветисяна, к счастью, редкостное исключение. Это художник большого творческого диапазона, он тонкий и богатый колорист, блестящий рисовальщик. Работы художника полны экспрессии, насыщены большим драматизмом и глубиной, все это достигается средствами искусства, цветом, линией, пятном. Амаяк Аветисян, в живописи и в графике, показал нам свою, не на кого не похожую Армению, выстраданную, суровую, прекрасную.»(59)
    Դահլիճ մտնելուն պես այցելուին դիմավորում էր նկարչի 1972թ. ինքնադիմանկարը, որի մասին շատ դիպուկ գրել էր Էդվարդ Իսաբեկյանն իր «Ուշացած խոսք» հոդվածում:[5]
«Մտնելով ընկ. Ավետիսյանի ցուցահանդեսը՝ քեզ զգում ես քո հայրենիքում,նրա մարդկանց մեջ»՝ կարդում ենք տպավորությունների գրքում: Նկարչի «ինքնատիպ ցուցահանդեսը երկրի գեղարվեստական տարեգրությունն է»(35), սակայն այն տանում է դիտողին «հեռու-հեռու դեպի մարդկայինը, համամարդկայինը»(2):      
 «Հենց մուտքից քեզ ձգում, գրավում է, հուզում է «Երախտապարտ ենք» նկարը»(4): Ոմանք այն պարզապես անվանում են «Կոմիտաս», հավանաբար չճանաչելով Սողոմոն Թեհլերյանին և Արամ Երկանյանին: Մյուսներին տպավորել էր «Ազատարարները» կտավը, իսկ ոմանց կարծիքով  «ցուցահանդեսում վեհորեն իշխում է Անդրանիկ զորավարը՝ հիշեցնելով մեր ժողովրդի քաջակորով կամքը»(35): Հիացմունքի և երախտագիտության խոսքերով են մարդիկ արտահայտել իրենց համակած զգացմունքները ոչ միայն այս, այլ նաև «Նախօրեին»,«Բոգդան Կնունյանցի ելույթը ՌՍԴԲԿ II  համագումարում 1903 թ. Լոնդոնում», «Չվերադարձան» կտավների վերաբերյալ:
   Բացի կոմպոզիցիոն գործերից այցելուները հատուկ նշում էին Հ.Ավետիսյանի դիմանկարները, անվանում նրան «դիմանկարի մեծ վարպետ»: Գրող Վազիրե Աշոն ամենահաջողված կերպարներից համարում է քրդի դիմանկարը. «Հատկապես այդ նկարի համար խոնարհվում եմ Ավետիսյանի պայծառ հիշատակի առաջ»(14): Ի դեպ, շատերն են հիշատակում այդ ստեղծագործությունը,միաժամանակ թվարկելով Մ.Մաշտոցի, Վ.Փափազյանի, Խ.Դաշտենցի, մուսալեռցի տատի, Լենինականի դեպոյի փականակագործների, Անահիտի և այլ գործերը:  «Հզոր ներշնչանք կա Վահրամ Փափազյանի դիմանկարում,կնոջ հյութեղ գեղեցկության ձոնն է երևում նկարչի դստեր՝ Անահիտի դիմանկարներում, հողի աշխատավորների դեմքերը զարմացնում են ինքնատիպ ռեալիզմով»(16): «Հնարավոր չէ անտարբեր անցնել նրա դիմանկարների կողքից, որոնք իրենց խոսուն հմայքով ու արտահայտչականությամբ գերում են դիտողին»(36): «Զարմանալի ծանոթ, զարմանալի հարազատ դիմանկարներ տեսանք ցուցահանդեսում:Թվում է, թե բոլորին գիտես...»(33): «Սրանք դիմանկարներ են, որոնք չեն մոռացվում»(16):
   «Անջնջելի տպավորություն են թողել»  նաև ցուցահանդեսում ներկայացված  նկարչի բնանկարները՝ «լցված Հայաստանի ողջ ջերմությամբ»(13): Բնանկարը, ինչպես նշում են շատերը՝ Ավետիսյանի տարերքն է: «Присущие творчеству А.Аветисяна напряженность, беспокойство и взволнованность зачастую делают обыкновенный мотив необыкновенным... Щемяще-пронзительное проникновение в сферу пейзажа»...(57)   Եվ ասես շարունակելով նույն միտքը մեկ այլ այցելու՝ Ա. Դոլուխանյանը գրում է. «Որքան խորիմաստ հուզում կա նկարչի ծննդավայր Մանդան գյուղի նկարում: Այն մանկության կապույտ վերհուշ է, մշուշված հեռվից երևում է գյուղի եկեղեցին, որն իշխում է բնանկարի վրա, կտավից ծորում է սեր և կարոտ»(16): Մյուսները, առանձնակի նշելով մի շարք գործեր՝ «Բջնի», «Լուսնյակ գիշեր», «Մուղնի», «Կարճաղբյուր»,  «Ճանապարհ դեպի Մարինե եկեղեցին», «Հառիճ. Գիշեր», «Տեղեր» և այլ  բնանկարներ, ավելացնում են. «Պակաս ցնցող չեն Կարմրավոր, Աստվածածին եկեղեցու պեյզաժները»(36):
   Երբ կարդում ես գրի առնված տպավորությունները, պարզվում է, որ առանձնացնելով այս կամ այն ստեղծագոծությունը կամ ստեղծագոծությունները, մարդիկ նշել են ցուցադրված գրեթե բոլոր գործերը: Կիսվելով իր տպավորություններով՝ այցելուներից մեկը թվարկում է մի շարք ստեղծագործություններ և ավելացնում է. «...բայց կներեք, հնարավոր չէ բոլորը նշել»: Մեկ ուրիշը (և նա միակը չէ) շատ վճռականորեն հայտնում է. «Ինձ հիացրին նրա բոլոր կտավները առանց բացառության»(3): Շատերը հատուկ նշում են նաև նկարչի գրաֆիկական աշխատանքները. «...хотелось бысказать несколько слов о его графике. Трудно найти в армянском искусстве художника, который так бы скульптурно, объемно лепил форму... А вместе с тем следует особенно отметить линию Амаяка Аветисяна. Она всегда безупречно пластична, очень точно выражает форму, неся в себе большую смысловую нагрузку, богата своим многообразным сочетанием» (59).
   «Հմայակ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը դիտելուց հետո,  ինձ համակել է այն զգացումը, որ կարծես ունկնդրել եմ մի հոյակապ համերգ, որտեղ հնչել էին, մի կողմից մեր պապերից եկած հինավուրց երգերը, որոնք արտահայտում են մեր ժողովրդի հոգու ցավը, վիշտն ու կարոտը, մյուս կողմից նրա այսօրն ու պայծառ ապագան» - գրել է Գրիգոր Հախինյանը: (1)
   Վեց տասնյակից ավելի արձագանքների մեջ հանդիպել ենք քննադատական երանգով միայն մեկ գրառում. «Հ. Ավետիսյանի վաղ շրջանի գործերն ավելի ռեալիստական բնույթ ունեն և համապատասխանում են մեր սոցիալիստական մտածելակերպին»(5): Նրա նկարներն անտարբեր չեն թողել ոչ միայն արվեստասերներին, այլև պատահական, այսպես ասած «փողոցից», մարդկանց:  Օրինակ, պոլիտեխնիկի մի խումբ  ուսանողներ անկեղծորեն խոստովանում են. «Պատահաբար, կինոյի տոմս չլինելու և դրսում ցուրտ լինելու պատճառով եկանք Ձեր ցուցահանդեսը, բայց չենք ափսոսում, որովհետև ծանոթացանք Ձեզ հետ: Ապրես, ցավդ տանեմ: Աստված քեզ առողջություն, հաջողություն տա,  ավելի լավին հասնես» (11):          
Ոմանք նույնպես   հաճախ դիմում էին անմիջապես  նկարչին. «Հպարտանում ենք, որ հայ նկարչության մեջ կաք նաև դուք» (33):          
   Շատ են ընդարձակ գրառումները, ուր մարդիկ հանգամանորեն կիսվում են իրենց մտքերով և զգացմունքներով, ոմանք էլ շատ հակիրճ են արտահայտում իրենց գնահատականը, ինչպես օրինակ. «Հայրենասիրություն: Պատմություն: Մանկություն: Հիշողություն: Ստեղծագործություն: Վերածնունդ = Հմայակ Ավետիսյան» (18): Իսկ ամենալակոնիկը, թողնելով իր ողջ ասելիքը բազմակետերին, արտահայտում է այն երեք բառով. «...Ջա'ն, ընկեր Ավետիսյան...» (10):          
   Մարդիկ հեռանում էին ցուցահանդեսից շնորհակալություն հայտնելով նկարչին «իր բարի, լավատես գործերի համար» (2), «հոգեկան մեծ բավականության համար» (4), եռակի շնորհակալություն «այն շունչն ու ոգու համար, որ պարգևեցիք մեզ՝ հայ երիտասարդներիս» (18): «Ամեն անգամ ընկ. Հ.Ավետիսյանի գործերից հեռանում ենք ավելի հարստացած, ազնվացած, իմաստնացած» (9)՝ կարդում ենք արվեստի և գրականության ժող. համալսարանի ունկնդիրների գրառման մեջ:   «Հրաշալի ցուցահանդես է: - գրել է Արմո անունով այցելուներից մեկը, - Դուրս եմ գալիս հարստացած, նորից նորոգված և հոգով լցված: Նույնիսկ չգիտեմ, ինչպես արտահայտել հիացմունքս» (26): Շատերի հետ մեկտեղ նույն զգացումով է ավարտում իր խոսքը Բոգդան Վերդյանը. «Հիացած եմ Հ. Ավետիսյանի արվեստով, - և ավելացնում, - կուզեի, որ նա հաճախ զրուցեր մեր օրերի մարդկանց հետ» (34):        
    Կարդալով  այս ամենը՝ ակամայից միտքս են գալիս Հմայակի խոսքերը պատերազմական 1942թ. նամակից. «Ա՜խ, կլինի ժամանակ,- գրել էր նա, - որ ես կարողանամ տալ իմ ժողովրդին այն, ինչին ես ընդունակ եմ, - և ինքն իրեն հուսադրելով, ավարտել,- ժամանակ կլինի, բայց որքա՞ն»: Ինչ խոսք, ստեղծագործող անհատի համար,  լի նորանոր մտահղացումներով, ժամանակը միշտ էլ քիչ է:   Ուշացումով լսելով նրա մահվան մասին, խորապես հուզված՝ մարդիկ գրում էին. «Շատ ուժեղ ցավ ապրեցինք, երբ իմացանք կյանքից հեռացել է անժամանակ: Թող հավերժ վառ մնա նրա  հիշատակը» (39): «Շատ ցավալի է այդպիսի գանձ ենք կորցրել, հազար ողորմի իրեն» (39ա):

   Հ. Ավետիսյանը հեռացավ մեզանից տակավին չսպառված:  Նրա թողած ճեպանկարներում, էսքիզներում թևածում են հոգու նոր թռիչքներ. «Սիրանույշ», «Փրկել Մագաղաթը», «Խաղաղության ծնունդը»: Նա երազում էր խաղաղ ու ստեղծագործական կյանքի մասին: Մեծ հայրենասերն այդ խոհերով ու զգացմունքներով էլ իմաստավորեց  ու ավարտեց իր ստեղծագործական և մանկավարժական ուղին: 

Հմայակ Ավետիսյանի մանկության ընկեր, կյանքի դժվարին և լույս օրերի մշտական ուղեկից ու հենարան,  նրա զավակների մայր և նվիրված կին՝  
ԱՐԱՔՍ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ[6] 

1992թ   





  

[1] Նկարչի ստեղծագործությունները տես «Հմայակ Ավետիսյան. 1912-1978: Գեղանկար, գրաֆիկա»: Եր., 2012,  224էջ, 246 գուն. վերատպություն: Ալբոմը կարելի է դիտել այստեղ :
Տես նաև Հմայակ Ավետիսյան. արվեստակիցների և ուսանողների հետ կայքը
[2] Ն. Ադալյան. Մանկությունից մինչև այրվող այգեստաններ: «Գրական թերթ», 21 հոկտեմբերի 1983թ
[3]Տես «Հմայակ Ավետիսյան»: Ցուցահանդեսի կատալոգ: - Եր., 1984: На арм. и рус. языках.
[4] Հայաստանի ազգային արխիվ, Ֆ 1012, ցուցակ 8, գործ 56  Հաջորդիվ մեջբերումներից հետո նշվում է գրառման համարը:
[5] Է․ Իսաբեկյան․ Ուշացած խոսք։ «Գրական թերթ», 22 մարտի, 1985 թ.
Հոդվածը կարելի է կարդալ նաև Գրքամոլ կայք
[6] Ա. Հունանյանի կյանքի և գործունեության մասին տես՝ Վիկիպեդիայում